Արծվիկ Մինասյանը պարզաբանել է շաքարավազի մենաշնորհի մասին աղմկահարույց հրապարակումները

Լրագրողներն իր խոսքը ներկայացրել են հիմնական կոնտեքստից դուրս։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես շաքարավազի շուկայի հետ կապված մի քանի օր առաջ խորհրդարանում լրատվամիջոցներին տված հարզազրույցի հետ կապված։

Մինասյանը ցավով նշել է, որ ապատեղեկատվություն է տարածվել եւ անգամ շատ հայտնի տնտեսագետներ, ոլորտին գիտակ լրագրողներ նախարարի խոսքը ներկայացրել են հիմնական կոնտեքստից դուրս։ Իսկ լրագրողների հետ զրույցում Մինասյանն ասել էր.

«Ես ասել եմ հետևյալը ու մտածել եմ այդպես, որ շաքարավազի գործարանը Հայաստանում միակն է, երկրորդ գործարան չկա այս պահին, սակայն գործող օրենքի շրջանակում այս գործարանը իր գործունեությամբ օրենքով չի համարվում մենաշնորհ: Այսինքն` այն փաստացի միակն է ու չի համարվում մենաշնորհ: Եվ ասել եմ հետևյալը, որպեսզի իրականությունն ու օրենքն  իրար համապատասխանեն, անհրաժեշտ է մենաշնորհի կարգավիճակ ստանա, բայց ոչ թե արտոնությունների համար, այլև հավելյալ պարտավորություններ դնելու համար: Քանի որ եթե մենաշնորհ ճանաչված չէ, դրա նկատմամբ չես կարող կիրառել հակամենաշնորհային գործիքներ: Ես չեմ ասել, որ այն պետք է մենաշնորհ ճանաչել ու արտոնություններ տրամադրել: Ոչ, քանի որ մենաշնորհի կարգավիճակը բերում է հավելյալ պատասխանատվության»,-նշեց Մինասյանը` վստահեցնելով, որ ամենևին խնդիր չի ունեցել հատկապես նշյալ ապրանքային շուկայի մասին խոսելու:

«Oրինակը բերելով հանդերձ, ցույց եմ տվել, թե միջազգային փորձն ինչպես է այդ հարցը կարգավորել: Ենթադրություններ անել, որ բնական մենաշնորհ ենք ուզում տալ, կառավարությունում նման հարցեր են քննարկվում, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են»,-հավելեց էկոնոմիկայի նախարարը:

Ինչ վերաբերում  է ավիատոմսերի գներին, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դրա մասին ինքը չի խոսել:

«Ես ասել եմ, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկ ինքնաթիռի սպասարկման հաշվով ծախսերը շահեկանորեն տարբերվում են Թբիլիսիի ու Բաքվի օդանավակայաններից, ամենևին խոսք չի եղել ավիատոմսերի մասին: Այդպիսի պնդում մենք չենք կարող կատարել, քանի որ ավիատոմսերի վաճառքով ու մոնիտորինգով նախարարությունը չի զբաղվում, այդ լիազորությունը չունի»,-ասաց նա:

*

*