Արծվիկ Մինասյան. «Մի´ ասեք, թե կառավարությունը ենթադրյալ հանցագործին իր պարտավորություններից ազատելու նպատակ ունի»

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվել է «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով առաջացած տույժերից ազատելու հարցը:

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվել է «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով առաջացած տույժերից ազատելու հարցը:

Նախագիծը նախորդ քառօրյայում չընդունվեց` քվորում չապահովելու պատճառով։

Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նկատել է, որ երբեմն մամուլով սխալ են ներկայացնում, թե գործարանին փորձում են ազատել հարկերից, այնինչ գործարանն ազատվում է հարկերի ուշացման համար նախատեսված տույժերից:

«Որեւէ այլ արտոնություն այս նախագծով նախատեսված չէ, սա հնարավորություն է, որ գործարանը չլիկվիդացվի, պահպանվեն 450 աշխատատեղերը:

Ցավն այն է, որ այս դրական նախագծի մասին խոսելու փոխարեն շեղում են, տալիս են այլ ընթացք, փորձում են ներկայացնել, իբր մտահոգ են: Սա մաքուր տնտեսական նախաձեռնություն է, եւ եթե պատգամավորները քննադատեին, թե ինչո՞ւ նման նախաձեռնությունները շատ չեն, հասկանալի կլիներ, բայց քննադատել նրա համար, որ կառավարությունը նպատակ ունի հսկա գործարանը փրկել… Կա´մ այդ քննադատությունները ոչ պրոֆեսիոնալ մտածելու արդյունք են, կա´մ չտեղեկացված լինելու արդյունք, կա´մ իրականությունը խեղաթյուրելու փորձ: Կառավարությունը չէ այս գործարանի բաժնետերը եւ չի կարող որոշումներ կայացնել, բայց այսօր կարող է ընդառաջ գնալ գործարանի սեփականատիրոջ առաջարկին, որ ազատեն հարկային պարտավորությունները ուշացնելու տույժերից, այլ ոչ հարկային պարտավորություններից:

Եթե ցանկանում եք այս նախաձեռնությունը քաղաքական ուղղության վրա դնել, խնդրեմ, բայց մի ասեք, որ կառավարությունն այս նախաձեռնությամբ ցանկանում է ազատել ենթադրյալ հանցագործին իր պարտավորություններից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

*

*