Կլինեն գազի սակագնի վրա ազդող բաղադրիչների հետ կապված բանակցություններ. փոխվարչապետ

Հարցին, թե որքանով են ճիշտ խոսակցությունները, թե 2020 թվականից գազի գինը բարձրանալու է...
gaz (1)

«Գազպրոմ» ընկերությունից մոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան. հայկական կողմի հետ կքննարկեն գազի գնի, գնի վրա ազդող բազմաթիվ բաղադրիչների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռ ենթակա են քննարկման: Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու: Բոլոր բաղադրիչները պետք է հատ առ հատ քննարկվեն՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց այդ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դեռ քննարկվելիք խնդիրներ կան: Եվ մոտ ժամանակներս «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու»,-ասաց նա ու հավելեց, որ կլինեն գազի սակագնի վրա ազդող բաղադրիչների հետ կապված բանակցություններ։

Հարցին, թե որքան կարելի է «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին ցածր պահել գազի գինը, Գրիգորյանն ասաց, որ անվերջ չի կարող ձգվել:

Հարցին, թե որքանով են ճիշտ խոսակցությունները, թե 2020 թվականից գազի գինը բարձրանալու է, փոխվարչապետը պատասխանեց, որ ինքն այդ հարցի հետ կապված նման պաշտոնական որևէ ազդակ չի ստացել:

Հարցին, թե արդյոք կա քաղաքական կամք՝ Իրանից գազ գնելու, Գրիգորյանը նշեց, որ իրենց գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախ և առաջ հայրենակիցների շահերից, այդ իմաստով որևէ կաշկանդվածություն չպետք է լինի: «Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե պետք է բանակցենք»,-նշեց նա:

*

*