Սյունիքի մարզում բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Սուրեն Կարայանը նշեց, որ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել երկու փուլով:
meghri

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ` դեկտեմբերի 15-ին տրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, մի խումբ գործարարներ:

Սուրեն Կարայանը նշեց, որ տնտեսական գոտին նախատեսված է կառուցապատել երկու փուլով: «Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու նախապայմաններ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և այնտեղ գործելու ցանկություն ունեցող ընկերությունների գործունեությունը կազմակերպելու համար»,- ասաց նախարար Կարայանը:

Նրա տեղեկացմամբ` երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար:

Նրա հավաստմամբ` արդեն իսկ կան ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել գործունեություն ծավալել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, և առաջիկա օրերին նրանցից հինգի հետ կստորագրվեն համաձայնագրերը:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:

*

*