Հայաստանի մյուս տարածքների համեմատ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանն ունի աղքատության, ենթակառուցվածքների զարգացվածության խնդիրներ։ Այստեղ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքն ամենացածրն է: Հենց այս խնդիրները հաշվի առնելով՝ Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի աշխատանքային հերթական այցը Գեղարքունիքի մարզ էր։
Ճամբարակի համայնքապետարանում տարածաշրջանի համայնքապետերը ներկայացրեցին սեփական եկամուտների հավաքագրման կատարողականները:
Նախարարի հաջորդ կանգառը Ճամբարակի առողջության կենտրոնն էր։ Վերջերս հիմնանորոգված եւ արդիականացված կենտրոնը սպասարկում է տարածաշրջանի համայնքների բնակչությանը: Այն ապահովված է նորագույն բժշկական սարքավորումներով:
Ինչպես Ճամբարակի համայնքապետարանում, այնպես էլ Շորժայում քննարկվեցին համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր: Տարածաշրջանի համար մշակված վարչատարածքային բարեփոխման նախնական մոդելը, որով նախատեսվում է Ճամբարակի տարածաշրջանում ստեղծել խոշորացված համայնքների երեք փունջ՝ անտառամերձ համայնքների փունջ, Սեւանա լճի ափամերձ համայնքների փունջ՝ Շորժա կենտրոնով, եւ Ճամբարակի հարակից համայքների փունջ` Ճամբարակ կենտրոնով: Ափամերձ համայնքների փունջը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի կարծիքով, կծառայի նաեւ որպես զբոսաշրջային կենտրոն:
«Ընդհանուր մոտեցումն այն է, որ ուղղենք ֆինանսական միջոցներն ամենաթույլ զարգացած համայնքներին, խթանենք տարածքների տնտեսական զարգացումը` հասցնելով դրանք զարգացվածության միջին մակարդակի, ինչն էլ իր հերթին կապահովի ավելացված արժեքի ստեղծում»,- նշել է նախարարը:
Խոշորացվող առաջին 14 փնջերում միայն դոնոր կազմակերպությունների կողմից նախատեսվում է 20 մլն դոլարի ներդրում կատարել: Դավիթ Լոքյանի խոսքով, համայքների խոշորացման ծրագիրը մշակելիս հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը: Խոշորացված համայնքներում կառավարության խնդիրը պետք է լինի այն համահունչ դարձնել պետության կողմից որդեգրած տարածքների տնտեսական զարգացման ռազմավարությանը, որով փորձելու են ակտիվացնել համայնքներում տնտեսական քայլերը։