Լարսի ճանապարհի ընդլայնումն ու անցակետերի արդիականացումը կավարտվի այս տարի

«...դա ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակում է»
verin-lars

Լարսի ճանապարհի ընդլայնման և անցակետերի արդիականացման շուրջ ռուսական և վրացական կողմերի պայմանավորվածությունն այս տարի կյանքի կկոչվի: Մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Նախագծային աշխատանքները շուտով կավարտվեն, և շինարարությունն այս տարի կմեկնարկի: Մինչև տարվա վերջ կունենանք մոդերնիզացիան»,-«Արմենպրես»ի փոխանցմամբ` ասաց նախարարը: Ինչ վերաբերում է թունելի կառուցմանը, ապա այն ևս կմեկնարկի, բայց արդյունքները տեսանելի կլինեն ավելի ուշ:

Անդրադառնալով հարցին, թե ինչ առաջընթաց կա Հարավային Օսիայով և Աբխազիայով Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու թեմայի շուրջ` Վահան Մարտիրոսյանը նկատեց. «Այդ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց ես նորից ցանկանում եմ նշել, որ դա ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակում է: Իհարկե, Հայաստանը աշխատում է այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Սակայն այլընտրանքը միայն ձեր նշած ճանապարհները չեն: Մենք այսօր ունենք այլընտրանքային լաստանավային ճանապարհ, որը գործում է շատ հաջող ու բեռների շատ մեծ մասն անցնում է այդ ճանապարհով»:

*

*