Կոսմետիկ միջոցների շուկայում հայտնաբերվել են խախտումներ

Խոշոր ներկրողներից 90 տոկոսի մոտ...
kosmetika (1)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ընթացիկ տարում կոսմետիկ միջոցների շուկայում հայտնաբերվել են խախտումներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը՝ ընդգծելով, որ ուսումնասիրություն կատարած ընկերությունների գործունեության մեջ արձանագրվել է ապրանքի` առանց սերտիֆիկատի վաճառք:

«Այս տարի ուշադրության կենտրոնում է եղել կոսմետիկ միջոցների շուկան: Նախորդ տարիներին ունեցել ենք դիմում-բողոքներ այն մասին, որ կոսմետիկ միջոցների օգտագործումից հետո եղել է մաշկային ցան, ալերգիկ դրսևորում: Այս տարի ստուգում է իրականացվել առավել խոշոր ներկրողների մոտ: Նրանց 90 տոկոսի մոտ հայտնաբերվել է խախտում. ապրանքը վաճառել են առանց սերտիֆիկատի»,- ասաց Լևոն Խալիկյանը:

Նրա խոսքով, սերտիֆիկատը միակ փաստաթուղթն է, որը հավաստում է  տվյալ արտադրանքի համապատասխան փորձարկում անցնելը և անվտանգ լինելը: Ուսումնասիրության արդյունքում ապրանքները ստուգվել են, դրանցում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել, սակայն ապրանքի վաճառքը կասեցվել է այնքան ժամանակ, մինչև  տնտեսավարողը ձեռք է բերել համապատասխան սերտիֆիկատ: Լևոն Խալիկյանը նշեց, որ եղել է մեկ տնտեսավարող սուբյեկտ, որի մոտ ոչ մի տիպի խախտում չի հայտնաբերվել:

*

*