Մեկնարկում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նոր ծրագիր

ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտությունը 44 բալ է՝ 100 բալանոց սանդղակով։
im-finans

Ապրիլի մեկից կմեկնարկի ավանդական դարձած «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումների արդեն երրորդ շարքը:

Ծրագրի նպատակն է բարձարացնել հանրության շրջանում անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ գիտելիքի ու հմտությունների մակարդակը: Միջոցառումների մեկնարկի մասին խոսել է Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն ինչպես ավանդական դարձած, այնպես էլ նոր միջոցառումներ: Կլինի «ֆինանսական շրջագայություն» դեպի Երեւանի ֆինանսական տարբեր կառույցներ, կանցկացվեն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի միջհամալսարանական առաջնություն եւ ֆինանսական թեմաներով բանավեճեր ուսանողների շրջանում:

Ըստ Դարբինյանի, ֆինանսական գրագիտությունը կօգնի պաշտպանել սեփական շահերը եւ խուսափել ֆինանսական զեղծարարություններից:

Ըստ «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները- 2014» հարցման արդյունքների, մեր երկրում 100-բալանոց սանդղակով ֆինանսական գրագիտության ունակությունները գնահատվում են 44 բալ:

«Բնակչության գրեթե 45 տոկոսը գրեթե չի հաշվառում իր եկամուտներն ու ծախսերը, իսկ խնայողություն ունեցողների 60 տոկոսն ամբողջ գումարը պահում է տանը: Ֆինանսական զեղծարարությունից զերծ մնալու վերաբերյալ պատկերացում ունի հարցվողների միայն 13 տոկոսը»,- ասաց Արմենակ Դարբինյանը:

 

 

*

*