Շվեյցարական Swissquote Bank-ը Հայաստանում ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք չունի. ԿԲ

Կենտրոնական բանկը զգուշացնում է
Swissquote-Bank2 (1)

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել օրերս Հայաստանում իր ծառայությունների մեկնարկը տված Swissquote Bank-ի մասին, որն այստեղ գործունեություն է սկսել Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության միջոցով:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նշյալ առցանց բանկը Հայաստանում բանկային կամ որևէ այլ ֆինանսական գործունեություն ծավալելու իրավունքներ չունի: Համաձայն FTH ընկերության ներկայացուցիչների՝ հայաստանյան հաճախորդները հնարավորություն ունեն վերջինիս միջոցով ներդրումներ կատարել Swissquote Bank-ում և բարձր եկամուտներ ստանալ:

«Կենտրոնական բանկը հայտնում է, որ համաձայն Հայաստանի օրենսդրության, որևէ օտարերկրյա բանկ Հայաստանում գործունեություն կարող է իրականացնել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դուստր բանկի կամ էլ մասնաճյուղի (նույնպես լիցենզավորված Կենտրոնական բանկի կողմից) միջոցով: Հաշվի առնելով ֆինանսական շուկաներում և հայաստանյան հաճախորդների շրջանում ձևավորված տարակուսանքը, ինչպես նաեւ մեր քաղաքացիների լրացուցիչ ռիսկերից զերծ պահելու նպատակով Կենտրոնական բանկը հայտնում է, որ Swissquote Bank-ը չունի Հայաստանում որևե տեսակի բանկային կամ այլ ֆինանսական գործունեություն իրականացնելու իրավունք:

Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերությունը լիցենզավորված չէ Կենտրոնական բանկի կողմից և համաձայն Հայաստանի օրենսդրության, իրավասու չէ Հայաստանում ներկայացնել, գովազդել, ծանոթացնել կամ միջնորդավորել Swissquote Bank-ը կամ նրա հետ կնքվող որևե գործարք:

Swissquote Bank-ի հետ Հայաստանից նախաձեռնված ու Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որևե ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է:

Կենտրոնական բանկը սույն թվականի հուլիսի 4-ին Financial Trading House կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի օրենսդրությանը հակասող գործունեության մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

*

*