Սյունիքում դիտարկել են կարկուտի պատճառած վնասի չափը

Մասնագետները գյուղացիներին խորհրդատվություն են տրամադրել կարկտահարության վնասների վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
ashot-harutyunyan

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նախօրեին այցելել է Սյունիքի մարզ` դիտարկելու տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափը: Ըստ նախնական ուսումնասիրությունների` մարզում առավելապես տուժել են խոշորացված Գորիս, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Վերին Խոտանա, Կոռնիձոր, Սվարանց, Վաղատնի, Որոտան, Արավուս, Նորավան համայնքները` մոտ 60 տոկոսով, իսկ առանձին հողակտորներ` 80-100 տոկոսով:

Մասնագետները գյուղացիներին խորհրդատվություն են տրամադրել կարկտահարության վնասների վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Իսկ 100 տոկոսով վնասված մշակաբույսերը խորհուրդ են տվել օգտագործել որպես կանաչ պարարտանյութ եւ անցկացնել հողի տակ: Փոխնախարարի հետ զրույցում սյունեցիները գոհունակություն են հայտնել այս տարվա պարարտանյութերի բաշխման գործընթացից:

Ի դեպ նշենք, որ կարկուտը նաեւ վնասել է Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի մի շարք համայնքների ցանքատարածություններն ու այգիները: Անմասն չի մնացել նաեւ Հադրութի շրջանը: Բնության կողմից՝ գյուղացիներին հասցված վնասի հստակ չափը պարզ կդառնա առաջիկայում:

 

*

*