Վանաձորում նախատեսվում է ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ

Լոռու մարզպետարանում Կարեն Կարապետյանին է ներկայացվել Վանաձորի զարգացման հայեցակարգը
karen-karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 16-ին այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները:

Հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը: Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային և այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Նշվել է, որ հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն:

Վարչապետը քաղաքային իշխանություններից պահանջել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքի բարեկարգման, սանմաքրման, չգործող օբյեկտների պայմանագրերի վերանայման, աղբահանության և մյուս խնդիրները:

Հայեցակարգի քննարկումից հետո ներկայացվել է նաև Վանաձորի ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը:

*

*