Վարչապետն ընդունել է գերմանական ընկերության պատվիրակությանը

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
karen-ruben

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության նախագահ Կլաուս Մանգոլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Հանդիպմանը քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էլեկտրոնային կառավարման համակարգի, կրթության ոլորտներում համագործակցությանը, նշված ուղղություններով հայաստանյան շուկա գերմանական ընկերությունների ներգրավմանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ չափազանց շահագրգռված է Հայաստանում գերմանական կապիտալի ընդլայնմամբ եւ կառավարման մշակույթի ներգրավմամբ՝ հավելելով, որ Հայաստանն արտաքին ներդրողների համար կարող է լինել նաեւ ԵԱՏՄ եւ իրանական շուկաներ դուրս գալու լավ հարթակ:

Կլաուս Մանգոլդը նշել է, որ իր գլխավորած խորհրդատվական ընկերությունը պատրաստ է գերմանացի գործընկերներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ խթանել բիզնես ծրագրերի իրականացմանը:

*

*