Վարչապետը հանձնարարեց ուշադիր լինել ապրանքների գների արհեստական բարձրացման հարցում

Կարեն Կարապետյանը նաեւ հանձնարարեց հետեւել, որ տոնական օրերին բանկերն ապահովեն աշխատանքը:
karen-karapetyan

Այսօր Կառավարության հերթական նիստը սկսվեց հանձնարարականներով: Առաջինն ուղղված էր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանին: Մասնավորապես նշվում է.

«Հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, եւ տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբեր ամսի ոչ աշխատանքային եւ հունվար ամսի տոնական օրերը»:

ՊԵԿ-ը արտակարգ ռեժիմ է սահմանելու, որպեսզի մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծեն ներկրողի համար: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին վարչապետը խնդրել է հետեւել, որ հանգստյան եւ տոնական օրերին բանկերն ապահովեն աշխատանքը:

Անելիքներ ունի նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Գերատեսչությունը պետք է առավել ուշադիր լինի առեւտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման եւ կամ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում՝ հաշվի առնելով գալիք ամանորյա տոները: Վարչապետի առաջարկությունը այն է, որ մաքսիմալ ուշադիր լինեն, տնտեսվարողի շահն ապահովեն, եւ միջամտեն միայն այն դեպքում, երբ հասկանան, որ դա գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար:

*

*