Կարեն Կարապետյան. «Ռուսաստանի բիզնեսների կեսը ձերն է, էստեղ ինչի՞ «դուխներդ» չի հերիքում»

Վարչապետի խոսքով՝ ուզում է «թասիբի գցել» բիզնեսով զբաղվելու հարցում:
karen-karapetyan

Նավթարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններն օգտագործում են կոմպրեսորային կայաններ, որոնք նավթի արդյունահանման մեջ կարեւոր գործոն են: Մեր տարածաշրջանում նավթագազային կոմպրեսորներ արտադրում է մեկ ընկերություն, եվ դա Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում է:

Հայ-իտալական ընկերությունն իր ապրանքն արտահանում է Վրաստան, Ուկրաինա, Ղազախստան եվ այլուր: Այս պահին պատրաստում են 71-րդ կոմպրեսորային կայանը: Վարչապետին առաջարկ ունեն անելու. ուզում են, որ արտահանման ծավալները մեծանան: Նրանց համոզմամբ՝ վարչապետը կարող է անել «լոբբինգը»:

Գեղարքունիքի մարզպետարանում պաշտոնյաներն ու ձեռներեցները սպասում էին: Առաջին շարքում Կառավարության 6 նախարարներն են: Կարեն Կարապետյանը նախեւառաջ Գագարինից ստացած առաջարկությունների փաթեթը փոխանցեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին.

«Վերցրեք սա, շատ հետաքրքիր գաղափարներ են ներկայացրել, բավականին տրամաբանական»,- նշեց վարչապետը, այնուհետեւ հարց ուղղեց.

«Կա՞ ձեր մեջ մի գործարար, որ հողի վրա ամուր կանգնած է, ու մեզ հետ՝ պետության հետ, «փայ կմտնի»»:

«Պետությունն ամենավատ բիզնեսմենն է»,- համաձայնում է մարզպետը: Անհրաժեշտ է, որ անհատներն ակտիվանան: Առայժմ չկա այդ ակտիվությունը:

«Ամբողջ Ռուսաստանի բիզնեսների կեսը ձերն է, էստեղ ինչի՞ չեք ուզում մի բան անել, ինչի՞ դուխներդ չի հերիքում: Ուզում եմ «թասիբի գցեմ»»,- նշեց վարչապետը:

Համայնքապետերը վստահեցնում են՝ իրենց ձեւակերպմամբ՝ «թասիբն այսօրվանից է մտնելու իրենց մեջ», ապա հերթով թվարկում խնդիրներն ու անհրաժեշտությունները. ժամանակակից սպանդանոց, ոռոգման տարածքների մեծացում, ձկնաբուծություն: Կաթի վերամշակման կետ էլ չունեն: Հիմնականում գյուղատնտեսությանը վերաբերող գաղափարներից գյուղատնտեսության նախարարի ոգեւորությունը կարծես չի նկատվում:

«Պարոն Առաքելյան, ինչի՞ ոգեվորված չեք: Վախենում ե՞ք ծանր բեռից»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

Առաջարկները կառավարաության ղեկավարը տրամաբանական է համարում, ապա հորդորում բոլորին՝ նստեք, հաշվարկեք, ձեվակերպեք ու ներկայացրեք Կառավարությանը:

*

*