17 տարի շարունակ «ոչնչով չզբաղվող» ՓԲԸ-ն կմասնավորեցվի

2000 թվականին ստեղծված եւ 6 աշխատակից ունեցող ընկերությունը «ջրի երես» է դուրս գալիս...

«Արաքս» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը կմասնավորեցվի: Մեկնարկային գինը սահմանվում է 134 մլն 118 հազար դրամ: Այս մասին այսօր Կառավարության նիստին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց. 2000թ. մինչ օրս ինչո՞վ է զբաղվել ընկերությունը:

«Ոչնչով»,- պատասխանեց Արման Սահակյանը:

«Իսկ որքա՞ն ժամանակ է, որ ոչնչով չի զբաղվում»,- հարցրեց վարչապետը:

«Այս նախագիծը եղել է 2015 թվականի օրակարգում, սակայն քանի որ չափագրման աշխատանքների հետ անճշտություններ են եղել, դրա համար էլ ուշ է ներկայացվել հաստատման»,- մանրամասնեց Արման Սահակյանը::

««Արաքս» ՓԲԸ-ն արդեն 17 տարի է անգործության է մատնված: Այս ընկերությունը գործունեություն չի ծավալում 2000 թվականից: Ընկերությունն ունի 6 աշխատող, 2000 թվականից գործում է, 2017-ին որոշել ենք օտարել: 17 տարի մենք ինչ-որ նախապատրաստական աշխատանքն ենք անում: 2000 թվականից ձեռնարկությունը բան չի անում, ինչո՞ւ ենք 17 տարի սպասում»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Արման Սահակյանը վարչապետի հարցերին պատասխան չուներ։

*

*