Կարայանը չի բացառում, որ 2017թ-ին տնտեսական աճն ակնկալվող 3.2 տոկոսից ավել կլինի

Նախարարն անդրադարձավ նաև ներդրումները խթանելու վերաբերյալ պատգամավորի հարցին:
suren-karayan

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը չի բացառում, որ 2017թ. Հայաստանի տնտեսական աճն ավելի մեծ կլինի, քան պետական բյուջեի նախագծում կանխատեսված 3.2 տոկոսն է: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, նախարարն ընդգծեց, որ կառավարությունը 2017թ. համար ակնկալում է 3.2 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով ընդհանուր տնտեսական միջավայրը:

«Բայց ես չեմ բացառում, որ այն միջոցառումները, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել, կհանգեցնեն նրան, որ մեր տնտեսական աճն ավելի մեծ կլինի, քան 3.2 տոկոսը, որը մենք ակնկալում ենք»,- նշեց Կարայանը:

Նախարարն անդրադարձավ նաև ներդրումները խթանելու վերաբերյալ պատգամավորի հարցին: Նա ընդգծեց, որ բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացնելու է կառավարությունը, հանգեցնելու են ներդրումների աճի: «Մենք վերացնելու ենք վարչարարական  խոչընդոտները, որպեսզի խրախուսենք ներդրումները Հայաստանում: Մենք կստեղծենք գրավիչ ներդրումային միջավայր և ակտիվ աշխատանք կտանենք, որ այն գովազդվի ողջ աշխարհով մեկ, ակտիվ կաշխատենք մեր այն գործընկերների հետ, ումից ակնկալում ենք ներդրումների իրականացում Հայաստանում»,- ընդգծեց Սուրեն Կարայանը:

*

*