«Ակնկալում եմ, որ այս հարցը քննարկում ենք վերջին անգամ». բանավեճ՝ Փաշինյանի ու ՍԱՊԾ պետի միջև

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սննդի անվանգության պետական ծառայության ղեկավարը նամակներ է ստացել․․․

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՍԱՊԾ պետի միջև բանավեճ է տեղի ունեցել։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավարը նամակներ է ստացել Ռուսաստանի «Ռոսսելխոսնադզոր» կազմակերպությունից և իր համար անակնկալ էր, որ ինքը տեղյակ չէ այդ նամակներից։

Փաշինյանը հետաքրքրվել է ՍԱՊԾ պետից կատարած գործողությունների մասին: Իշխան Կարապետյանը նշել է, որ այդ նամակները պարբերաբար բնույթ են կրում: «Կներեք, ես ուզում եմ հասկանալ, թե ում եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակ կա: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին գործողություններից մեկը եղել է այն, որ ես զանգել եմ ձեզ և հարցրել եմ, թե արդյոք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում և դուք ասել եք, որ, ըստ էության, խնդիրներ չկան», — ասել է Փաշինյանը։

Կարապետյաննը նշել է, որ նման քննարկում եղել է նաև գյուղատնտեսության նախարարի հետ, փորձել է կապվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ՝ չի ստացվել և սահմանված կարգով գործողություններ կատարվել են։ Նրա խոսքով՝ ուժեղացված բացթողման ռեժիմ է գործում, որի վերաբերյալ ընկերությունը տարածել է հայտարարություն, և դեպքը վերաբերել է մեկ ընկերությանը: Նա նշել է, որ բարձրացվող հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում՝ արտահանվող կոնկրետ վայրին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նամակներում այլ բան է գրված՝ սանիտարական կանոնների պահպանման խնդիր, իսկ Իշխան Կարապետյանն էլ հակադարձեց, որ խնդիրը բեռի հետ է կապված եղել, բեռը հետ է ուղարկվել, այնուհետև կրկին արտահանվել է:

Նա նշել է, որ համապատասխան աշխատանք են տարել, որի արդյունքում Վերին Լարսի անցման կետում որևէ ահազանգ չեն ստացել։ «Ես ուզում եմ տեղեկացնել, որ ծառայության կողմից իրականացվող սահմանային հսկողության արդյունքում մեր կողմից արձանագրվել է ներկրման խախտման 140 դեպք», — ասել է նա։

«Ընկերությունը, որի կողմից արտահանվող լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել, զգուշացրեք այդ ընկերությանը, և դուք էլ ապահովեք, որ նման իրավիճակներ չծագեն: Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ», — նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իշխան Կարապետյանը խնդրել է, որ համապատասխան գերատեսչությունները համապատասխան աշխատանք տանեն ընկերությունների հետ՝ մակնշման առումով, փաթեթավորման առումով, քան որ շատ հաճախ դեպքեր են լինում, երբ հայկական խնձորը դրված է բանանի արկղի մեջ, ինչը սահմանային հսկողության տեսանկյունից խնդիր է առաջացնում:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*