Կառավարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում կարևոր փոփոխությունների նախագծերի փաթեթ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է․․․
karavarutyun-nor-pashinyan

Հայաստանի կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի փաթեթ է ներկայացնել, որով առաջարկվում են ոլորտը կանոնակարգող մի շարք կարևոր փոփոխություններ: ՀՀ կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթին հավանություն տալու հարցը, որով առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեու­թյունը արտո­նա­գրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղա­փո­խելու հետ կապ­ված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրա­կա­նաց­նող տնտեսավարող սուբ­յեկտ­ները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

Նախագծով առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլոր­տում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպ­քե­րում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ևս մեկ կարևոր փոփոխություն: Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձ­րա­ցել է Հայաս­­տանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաև ավտոմեքենայի արտադ­րու­թյան տարեթվից՝  նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնա­պահ­պանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:

Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագ­րերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտա­հան­ման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպ­քում՝ 2 տոկոս, ինչպես նաև արտերկրում շինարարական աշխատանքներ կատա­րող ֆիզի­կա­կան անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտո­­նությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշ­ների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճա­րող­ները կարողանան դեռևս մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոն­յալ համա­կար­գին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչև 2022 թվա­կանի հունվարի 1-ը:

Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռ­­նա­տար տրանս­պորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանա­­պար­­­հային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանս­պոր­տային միջոց­ները Հայաստանի Հան­րապետություն մուտքի ամբողջ ժամանակա­հատ­վա­ծում գտնվելու են Հայաստանի Հան­րապետության և Իրանի Իսլամական Հանրա­պե­տու­թյան սահմանից առա­վե­լագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճա­րու­մից խուսափելու համար իրա­նա­կան բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապե­տու­թյան տարածք, ինչի արդ­յուն­քում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռ­նա­թա­փում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները