Կառավարության և ԿԲ-ի համագործակցության ամենակարևոր նպատակը քաղաքացիներին նոր հնարավորությունները հասանելի դարձնելն է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին
nikol-pashinyan (2)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերևս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում: Ինչպես դեռևս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաև շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, և դա իսկապես շատ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաև դա այստեղ ներկա մարդկանց հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունք է, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար:

Այս ընթացքում ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, և մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ և´ռազմավարական,  և´ մարտավարական բնույթի: Մեր համագործակցության ամենակարևոր և հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ, ում կյանքը բարելավելը և ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է: Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման, իրագործման փուլում են, և իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են: Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ»:

Շարունակությունը՝ այստեղ։

*

*