«2018-ը լինելու է աշխատաշատ և բովանդակալից տարի»․ Կարեն Կարապետյան

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․․․
karavarutyun

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով:

«2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի: Որո՞նք են այն թիրախները, խնդիրներն ու անելիքները, որոնց պետք է հասնենք: Ակնհայտ է, որ տնտեսական ակտիվությունն ու աճն անմիջականորեն կապված են ձեր աշխատանքից, մեր տարածքային կառավարիչներից և համայնքների ղեկավարներից: Այսօր ֆիքսելու ենք այն հարցերը, որոնք պետք է ձեր կողմից լինեն հստակ ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ հետագայում յուրաքանչյուր երկուշաբթի անցնեք այդ կետերով, ֆիքսեք, թե նախորդ շաբաթվա ընթացքում ինչի եք հասել»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ 14 կետով ներկայացնելով 2018 թվականին մարզպետարանների գործունեության հիմնական ուղղությունները: Դրանք են՝

1. Համայնքներում հաշվառման համակարգի (գյուղատնտեսություն, շինարարություն) արմատավորումը և թերությունների վերացումը,
2. Մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ,
3. Համայնքների հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտումը,
4. Համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ինքնածախսածածկման ապահովումը,
5. «ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրերը,
6. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերը,
7. Տոհմային անասնապահական, թռչնաբուծական և խոզաբուծական տնտեսությունների հիմնում, սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը,
8. Գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսի աճը՝ 2017 թվականի համեմատ,
9. Առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի աճը՝ 2017 թվականի համեմատ,
10. Կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության և կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,
11. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բնակավայրերի հասանելիություն և ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը,
12. Մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերը,
13. Մարզում կատարված ներդրումների ծավալը, այդ թվում՝ որին աջակցել կամ ուղղակիորեն նպաստել է մարզպետարանը.
14. Զբոսաշրջության խթանման և զարգացմանն ուղղված ծրագրերը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետք է կենտրոնանալ, ուշադրությունը սևեռել այս կետերի վրա, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի առաջ շարժվել և հասնել կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:

Այնուհետև վարչապետի հնչեցրած յուրաքանչյուր կետի վերաբերյալ տեղի է ունեցել մանրամասն քննարկում: Գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները ներկայացրել ենք իրենց դիտարկումներն ու հանդես եկել տարբեր առաջարկություններով:

*

*