Կառավարությունը Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը հասցնելու է ավարտին. Վահան Մարտիրոսյան

Նախարարը նշեց, որ ծրագրի Երևան-Արտաշատ հատվածի 7 կամրջի շինարարությունն ակտիվ շարունակվում է:
hyusis-harav

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ կառավարությունը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը և այն հասցնելու է ավարտին:

Հրավիրված ասուլիսում նախարարը նշեց, որ ծրագրի Երևան-Արտաշատ հատվածի 7 կամրջի շինարարությունն ակտիվ շարունակվում է. պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ մայիսին, կամուրջների տակ երթևեկությունը բացվել է, կամուրջների վրա շինաշխատանքները շարունակվում են:

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հայտարարությանը, թե Հյուսիս-հարավի մեկ կիլոմետրի կառուցման արժեքը նախկին 1,2 մլն դոլարի դիմաց բարձրացել է՝ հասնելով 3,5 մլն դոլարի, և լրագրողի դիտարկմանը, թե Ռոզենթալը կասկածի տակ է դրել ծրագրի շարունակությունը՝ Վահան Մարտիրոսյանն ասաց.

«Գինը կապված է օբյեկտիվ պատճառների հետ, որոնց, անհրաժեշտության դեպքում, մանրամասն կանդրադառնամ առաջիկայում: ԱԶԲ-ն ֆինանսավորում է ճանապարհի հատվածներից մի քանիսը, նախարարությունը և ԱԶԲ-ն լավ համագործակցում են, ցանկացած ծրագիր քննարկվում է, և վստահ եմ, որ ԱԶԲ ներկայացուցիչը կասկածի տակ չի դրել ծրագրի իրականացումը: Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն և Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ: Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, Հյուսիս-հարավից կախված է և’ զբոսաշրջային, և’ բեռնափոխադրումների հոսքը, ինչը, վստահ ենք, կավելանա, կակտիվանա նաև բիզնեսը»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Հարցին, թե արդյո՞ք նպատակահարմար չէ նշված ծրագրի վրա ծախսվող միջոցներն ուղղել այլ կարևորագույն ուղղություններով՝ նախարարն ասաց, որ ցանկացած ծրագիր պետք է նախևառաջ ուսումնասիրել և գումարներն ուղղել այն ոլորտներ, որտեղ ՀՀ քաղաքացին ավելի շատ կզգա այդ ներդրումը:

 

*

*