ՀՀ կառավարությունը հաստատակամորեն գնում է բիզնեսի համար առավելագույն մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ. Փաշինյան

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահին․․․
handipum

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:

Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության և ՀԲ-ի հետ ակտիվ գործակցությունը կարող է նպաստել երկրում տնտեսական ակտիվության խթանմանը: Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնում է բիզնեսի համար առավելագույնը թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ:

Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, տնտեսության, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կառավարության քայլերը բարենպաստ միջավայր կապահովեն երկրի տնտեսական զարգացման ու առաջընթացի համար:

 

*

*