Կառավարությունը նախնական մտադրություն ունի սահմանել 23 տոկոս համահարթ եկամտահարկ

...հետագայում այն ևս 3 տոկոսով նվազեցնելու պայմանով
nikol-pashinyan1 (1)

Հայաստանի Հանրապետության  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  կարևորում է  ներդրումները խրախուսելու և ներդրումների հոսք ապահովելու համար պարզ և ճկուն հարկային համակարգ ունենալու անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով հարկային համակարգում սպասվող բարեփոխումները:

«Այս ճանապարհին մենք  պատրաստվում ենք կիրառել հետևյալ գործիքները: Դուք գիտեք, որ 2018թ. հունվարի 1-ից ներդրվել է ԱԱՀ-ից գերավճարի վերադարձի ինստիտուտ, և քաղաքացիները, գործարարները ամեն վեց ամիսը մեկ կարող են հաշվանցում անել կամ հետ ստանալ ԱԱՀ-ի հարկի գերավճարները: Մենք հարկային օրենսգրքի փոփոխություններով պատրաստվում ենք այդ 6 ամիսը կրճատել և դարձնել երեք ամիս, հետագայում ընդհանրապես այս ժամանակահատվածը վերացնելու հեռանկարով»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի գնահատմամբ՝ ամենակարևորը և ամենաքննարկվողը եկամտահարկի փոփոխությունն է:

«Ըստ էության, ներդրողների հետ մեր բոլոր շփումները ցույց են տալիս, որ չափազանց զգայուն հարց է եկամտահարկի հարցը, չափազանց զգայուն հարց է համահարթ եկամտային հարկ ունենալու հարցը: Համահարթ եկամտահարկ ասելով՝ մենք նկատի ենք ունենում ոչ միայն եկամտահարկի նույն սանդղակը բոլոր աշխատավարձերի համար, այլև նկատի ենք ունենում եկամտահարկ-շահութահարկ և դիվիդենտի հարկ բլոկների հավասարությունը: Կառավարության նախնական մտադրությունն այն է, որ մենք հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում սահմանենք 23 տոկոս համահարթ եկամտային հարկ՝ պայմանով, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք այս եկամտահարկի ցուցանիշը կիջեցնենք մինչև 20 տոկոս՝ էլի բոլորի համար: Սա չափազանց  կարևոր փոփոխություն կլինի: Այդ փոփոխությունը կարևոր կլինի մի քանի նկատառումներով: Նախ` այն կարևոր կլինի ներդրումների տեսակետից: Երկրորդ՝ մենք ասում ենք, որ ուզում ենք զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, բայց մենք մի քանի տարի առաջ վերցրինք շատ կտրուկ բարձրացրինք եկամտահարկը, որն առաջին հերթին ազդեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա, ինչը խոչընդոտեց ոլորտի զարգացմանը: Մենք հիմա պատրաստ ենք գնալ մի քայլի, որ 10-ից ավել տոկոսով եկամտահարկը նվազեցնենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների համար, և հույս ունենք, որ սա կբերի տեխնոլոգիական ոլորտում ներդրումների ավելացման»,- մանրամասնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև եկամտահարկի համահարթ համակարգի թերությունները՝ շեշտելով, որ հիմնական ու ամենամեծ թերությունն այն է, որ այդ դեպքում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկի նվազեցում սկզբնական փուլում տեղի չի ունենում.

«Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքի ընդունման ժամանակ մենք 206 հազար քաղաքացու համար դե ֆակտո արդեն որոշակիորեն կոմպենսացրել ենք այն ակնկալիքը, որ նրանք  կարող էին ունենալ եկամտահարկի նվազեցման պարագայում:  Իսկ ի՞նչ է ստանում այդ քաղաքացին եկամտահարկի 23 տոկոսը 20 տոկոս դարձնելու պարագայում: Նա ստանում է երեք հազար դրամ, և կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններով  206 հազար քաղաքացու արդեն փոխհատուցել ենք այդ 2500-3000 դրամը, և պայման ենք դրել, որ եթե նրանց համար եկամտային հարկը փոխվի, նվազի,  կուտակային համակարգի հին տարբերակը, երբ 5 տոկոս վճարում էր պետությունը 5 տոկոս՝ քաղաքացին, պետք է վերականգնվի»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը՝ շեշտելով, որ այս պարագայում էլ ստացվում է, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկի նվազեցում չի լինում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է ակնկալում կառավարությունը եկամտահարկի համահարթ համակարգը ներդնելու արդյունքում: «Գիտեք, որ Հայաստանում կա ստվերային աշխատավարձ հասկացությունը, իսկ գործող հարկային համակարգը չի խրախուսում ստվերային աշխատավարձի տեղափոխումը դեպի ոչ ստվեր, որովհետև ամեն անգամ գործատուն, աշխատավարձ բարձրացնելիս, պետք է հասկանա, որ իր վրա հսկայական հարկային պարտավորություններ են առաջանում: Մենք հույս ունենք, որ այս փոփոխություններով աշխատողները և աշխատատեղերը ստվերից դուրս կգան, որի արդյունքում մենք միայն հնարավորություն կունենանք գնահատել, թե որքան մարդ է, որ ռեալ ցածր աշխատավարձ է ստանում: Որովհետև կան մարդիկ, որ 80 հազար կամ 100 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց իրականում նրանց ստվերային աշխատավարձ է տրվում գործող  հարկային համակարգի պատճառով: Որովհետև 200 հազար և ավել աշխատավարձի դեպքում եկամտահարկն ավելի բարձր է, քան շահութահարկը և դիվիդենտի հարկը: Գործատուին շատ ավելի ձեռնտու է այդ եկամուտը ձևակերպել որպես շահույթ, վճարել որպես դիվիդենտ, ինչից հետո կանխիկ վճարել աշխատողին, որի արդյունքում ինքն ավելի քիչ հարկեր է վճարում: Այս պարագայում մենք այդ խոչընդոտը վերացնում ենք և խթանում ենք բարձր աշխատավարձը»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ կառավարությունը պետք է խթանի, որ գործատուն աշխատողներին վճարի բարձր աշխատավարձ, պետք է խրախուսի կրթությունը, որպեսզի կրթություն ստացող ցանկացած մարդ իմանա, որ ինքը բարձր աշխատավարձ է ստանալու:

*

*