«Այդպես ո՞նց կլինի․․․»․ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան» խմբակցության նախագծին

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվեց՝ նախաձեռնության մեջ արդյո՞ք ֆինանսական հաշվարկ կա:
karavarutyun

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման ու աջակցման ծրագրեր շուկայական մեխանիզմների կիրառմամբ, մասնավորապես, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիդավորման ու այլ ծրագրերի միջոցով:

«Մինչդեռ, նախագծով գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա ու ենթադրում է պետության կողմից որևէ կերպ չսահմանափակված պայմանական պարտավորության ստանձնում», — ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ սա բավականին խնդրահարույց է պետական բյուջեի ծախսման մասին պլանավորման տեսանկյունից:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվեց՝ նախաձեռնության մեջ արդյո՞ք  ֆինանսական հաշվարկ կա:

Գյուղատնտեսության փոխնախարարը բացասական պատասխան տվեց: «Այդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերն ազատենք: Եթե տակը հաշվարկ չկա, ինչպե՞ս որոշենք ճիշտ է, սխալ է, գուցե այդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշնե՞ր ձևակերպենք», — հարցրեց վարչապետը: Կարեն Կարապետյանը նկատեց, որ այսպես հնարավոր է պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն կառավարությանը:

*

*