Դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի առումով. Կարեն Կարապետյան

«Բոլոր լուծումների համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է»
varchapet-byuje2018-aj

2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։։

Չնայած նշված ցուցանիշին, պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով՝ հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում, նշեց նա։։

Նշվածի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ։ Արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները այդ թվում հարկային ստվերի վերաբերյալ՝ գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում։

Հաշվի առնելով վերոնշյալը հանձնարարում եմ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ, հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում Կառավարության աշխատակազմ կներկայացնի՝ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ։

«Բոլոր լուծումների համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է»,-շեշտեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*