Սա վերջին տարին է, որ մենք բոլորին սուբսիդավորում ենք. Կարեն Կարապետյան

Կառավարությունը հավանությունը տվեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից...
jur

Կառավարությունը հավանությունը տվեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառումների մասին որոշման նախագծին:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հիշեցրեց, որ օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները վերանայելու հայտով, որով առաջարկվել էր 194,3 դրամ՝ ներառյալ ԱԱՀ, որն էլ ՀԾԿՀ-ի կողմից բավարարվել է:

«Սակագնի բարձրացմամբ բաժանորդների մոտ լրացուցիչ բեռ չառաջացնելու համար առաջարկվում է օպերատորի կողմից վճարվող վարձավճարների հաշվին «Վեոլիա Ջուր»-ին տրամադրել սուբսիդիա՝ 2018-ի ընթացքում նախկին 180 դրամ սակագինը պահպանելու համար»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ պետությունը սուբսիդավորում է բոլոր սպառողներին, ինչին Հարությունյանը դրական պատասխան տվեց:

«Այս որոշումն ընդունում ենք, բայց հետագա նման գործողությունների ժամանակ անհրաժեշտ է մշակել կարգ, որով մենք կսուբսիդավորենք միայն սոցիալապես խոցելի զանգվածին, ոչ թե բոլորին: Սա վերջին տարին է, որ մենք բոլորին սուբսիդավորում ենք», — ասաց Կարեն Կարապետյանը: