Խմելու ջրի սակագնի բարձրացումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների

Առաջարկվում է մեկ խորանարդ մետր ջրի գինը բարձրացնել 14.3 դրամով
jur

«Վեոլիա ջուր» ընկերության` խմելու ջրի սակագնի բարձրացման ցանկությունը կապված է ընկերության մեծ խնդիրների, կորուստների հետ: Այն միգուցե արդարացված է տնտեսական, սակայն ոչ սոցիալական առումով: Թանկացումը կարող Է հանգեցնել մի շարք խնդիրների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 10-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելը`  մեկ խորանարդ մետրի դիմաց 14.3 դրամով ջրի սակագինը բարձրացնելու նպատակով, միգուցե տնտեսական առումով արդարացված է, սակայն ոչ սոցիալական և էկոլոգիական առումներով: Թանկացումը կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ: Եթե մարդ ի վիճակի չլինի բավականաչափ ջուր օգտագործել, չեն պահպանվի սանիտարահիգիենիկ պայմանները, ինչն էլ իր հերթին շատ այլ խնդիրների կհանգեցնի` ինֆեկցիաների բռնկում և տարածում»,-ասաց Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով` ընկերության առաջարկն ընդունելը միանշանակ ճիշտ չի լինի: Տարբեր հաշվումներով` համակարգն ունի 60-80 տոկոս կորուստ և կապիտալ վերանորոգման կարիք ունի:  Սակայն, պետք է գտնել ոսկե միջինը: Շատ կարևոր է հատկապես քաղաքի դրենաժային համակարգի վերանորոգման խնդիրը:

«Սակագնի բարձրացումը չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված: Բայց համակարգը բավականին թերություններ է ունեցել, և հավանաբար թանկացումը կպայմանավորեն մի շարք հարցերի լուծմամբ»,-եզրափակեց Դանիելյանը:

2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ էին մտել «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության՝ խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման նոր սակագները՝ 180 դրամ/խմ (խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), դրան ավելացրած՝ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): 

*

*