«Հայաստանը նաեւ լրացուցիչ տրանսպորտային միջանցք կարող է լինել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի համար»

Ռոհանի սպասումները լավատեսական են: Երկրները տնտեսական բեկում կարող են մտցնել...
1993թ. իրանական «Փայամ Սադերաթ» ընկերության հետ Հայաստան եկավ ու մինչ օրս այստեղ է գործարար Դավուդ Դերիսը: Ընկերությունն արտադրում է շարժիչների համար նախատեսված յուղեր: 200 աշխատող ունեցող գործարանի դժգոհությունն ակցիզային հարկից է:
 
«Հարեւան երկրներում, Ռուսաստանում այն 80 դրամ է: Հայաստանում՝ 485 դրամ է»,- նշեց ընկերության տնօրեն Դավուդ Դերիսը:
 
Այս տարի արդեն չորրորդ անգամ մեկ հարկի տակ են հավաքվում իրանցի ու հայ գործարարները: Հայաստանը մեկ հյուրընկալողի, մեկ հյուրընկալվողի դերում է: Համաժողովից-համաժողով արդյունքները տեսանելի են: Սակայն տնտեսական ցուցանիշները գոհացնող չեն: Հայաստան-Իրան տարեկան առեւտտրաշրջանառությունը 270 մլն դոլար է: Հայաստանը ներումուծողի դերում է, արտահանման ծավալները չնչին տոկոսն են կազմում: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը վստահեցնում է՝ խելացի գործելու դեպքում առեւտուրը կարելի է հասցնել 500 մլն դոլարի:
 
«Իրանի պոտենցիալը Հայաստանի համար հստակ չէ, նույն ձեւով նաեւ Հայաստանի պոտենցիալը՝ Իրանի համար: Այս ֆորումում բավական գրագետ ներկայացվեց երկրների գրավչությունները»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
 
Այս անգամ Հայաստան էր այցել 90 իրանցի գործարար: Տեղացի գործընկերներին ներկայացրել ու լսել են ոլորտային մի շարք առաջարկներ: Հայաստանի գրավչությունը էներգետիկ եւ տեղեկատվական ոլորտներում է:
 
«Երկու երկրների նախագահների ներկայությունը եւս ազդակ կհաղորդի գործարար հարբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- հավելեց Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը:
 
Չնայած աշխարհագրական դիրքին եւ առկա պոտենցիալին, Սերժ Սարգսյանի խոսքով՝ երկներն օգտագործում են եղած ներուժի չնչին մասը: Նախագահը իրանցի գործարարաներին հորդորեց գալ եւ բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում: Անձամբ է հետեւելու գործընթացի կյանքի կոչմանը:
 
«Իրանցիները, գործունեություն ծավալելով Հայաստանում, կարող են օգտվել Հայաստանի ԵՏՄ անդամակցության լայն հնարավորություններից, ՀՀ-ում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով են, եւ առանց վարչարարական խոչընդոտների կարող են մտնել 180 միլիոնանոց շուկա: Հայաստանն ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ համաձայնագրեր, օգտվում է GSP եւ GSP+ ռեժիմի արտոնություններից: Հայաստանը նաեւ դարպաս եւ լրացուցիչ տրանսպորտային միջանցք կարող է լինել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի համար՝ «Հյուսիս-հարավ» միջանցքով Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու կարճ երթուղով »,- նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Վերջինիս գոհացնում են զբոսաշրջային թվերը: Երեւույթին, ըստ Ռոհանիի, նպաստել է երկրների միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը:
 
«Եթե Սեւ ծովը կապվի Պարսից ծոցի հետ, կարելի է ասել, որ մեծ տնտեսական եւ առեւտրային զարգացում տեղի կունենա տարածաշրջանում եւ բոլոր երկրները, հատկապես Իրանը եւ Հայաստանը կշահեն դրանից»,-ընդգծեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
 
Ռոհանի սպասումները լավատեսական են: Երկրները տնտեսական բեկում կարող են մտցնել, իսկ դրան կնպաստի կողմերի միջեւ առկա ուժեղ կամքը:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*