Վարչապետը հանձնարարեց կազմել հուշաթերթ, որտեղ գործարարներին կներկայացվեն ներկրումների համար անհրաժեշտ բոլոր փաստաղթղթերը

Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց կազմել հուշաթերթ, որտեղ գործարարներին կներկայացվեն ներկրումների համար անհրաժեշտ բոլոր փաստաղթղթերը...
hovik-abrahamyan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց կազմել հուշաթերթ, որտեղ գործարարներին կներկայացվեն ներկրումների համար անհրաժեշտ բոլոր փաստաղթղթերը:

«Բոլորդ տեղյակ եք երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հնչեցրած իմ տեսլականին: Անհրաժեշտ է պատրաստել հուշաթերթ, որպեսզի բոլոր այն գործարարներին, բիզնեսով զբաղվող մարդկանց, ովքեր ցանկություն ունեն ներկրումով զբաղվել, հասանելի լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկրումների համար, որպեսզի մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն: Այդ հուշաթերթը պետք է ունենաք նաև ձեր կայքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դիմելով նախարարին՝ ասաց ՀՀ վարչապետը: Միաժամանակ, նա կարևորեց լաբորատոր ստուգումների ժամանակ բոլոր տեսակի ստուգումների արդար արդյունքների ապահովումը:

Կառավարության ղեկավարը նաև հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեին ստեղծել հարկային և մաքսային հավասար պայմաններ բոլոր ներկրողների համար:

«Դա լինելու է Վերահսկողության ծառայության ներքո, անպայման շաբաթը կամ ամիսը մեկ ստուգելու են: Անհրաժեշտ է նաև բոլոր հայտարարություններին լինել ուշադիր, ականջալուր, արագ լուծումներ տալ, եթե դրանք համապատասխանում են օրենքի պահանջներին»,- ասաց գործադիրի ղեկավարը:

*

*