Բանակցությունները գազի սակագնի շուրջ շարունակվում են․ փոխվարչապետ

Հունվարի 1-ից սահմանին գազը թանկացել է
gaz

Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» այսօրվանից բանակցությունների նոր փուլ են սկսում: Օրակարգում՝ հունվարի 1-ից սահմանին թանկացած ռուսական գազի թեման է ու դրա ազդեցությունը հայաստանցի սպառողներին գրպանի վրա։

Երկկողմ քննարկումները կարող են ամիսներ տևել՝ «Ազատության» հետ զրույցում կանխատեսել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։

Գործադիրի անունից բանակցող Գրիգորյանը նաև նշել է՝ քանի դեռ չկա հստակ որոշում, «Գազպրոմը» չի դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հարցով։

«Հստակ պայմանավորվածություն կա, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի», – ասել է Մհեր Գրիգորյանը, «եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա»:

Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը, դեկտեմբերի 31-ին հայտարարելով՝ 2019-ի 1000 խմ դիմաց այն 150 դոլարից դառնում է 165 դոլար։ Թե ով է կրելու այդ 15 դոլարի տարբերության բեռը, առայժմ անհայտ է, սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը կարծում է՝ ամեն ինչ պետք է արվի, որ սպառողի համար սակագինը չբարձրանա։ Այժմ հայաստանցի սպառողները 1000 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 286 դոլար:

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ բանակցությունների այս փուլում քննարկվելու են «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքների արդյունավետությունն ու ծախսերի կառուցվածքը, ռուսական ընկերությունում կատարվելու են ուսումնասիրություններ։

*

*