Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում. խորհրդակցություն` կառավարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն
karavarutyun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման միտումներին և կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:

Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի: «Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում,  և դա ենթադրում է, որ այն իր հետևից պետք է բերի որոշակի աշխուժություն նաև շինարարության ոլորտում: Բացի այդ, մենք շատ լուրջ ծրագրեր ունենք նաև կապված Հայաստանում ջրամբարաշինության ակտիվացման հետ, որովհետև դա մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մենք պետք է կարողանանք լրջագույն ջրային ռեսուրսներ կուտակել՝ մեր կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լիճը, ի վերջո, հանգիստ թողնելու համար:

Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ պլաններ ունենք, որովհետև ենթակառուցվածքի  այն մակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, և մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը և որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք: Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք այն բոլոր խնդիրները, որ կան շինարարության ոլորտում, որպեսզի այս բոլոր ուղղություններով մեր հետագա աշխատանքի համադրության և սինխրոնիզացման խնդիրը լուծենք», — ասել է կառավարության ղեկավարը:

*

*