2018-ից անձը կարող է վարկառու կամ համավարկառու լինել մեկ անգամ. Դավիթ Անանյան

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը ներկայացրել է հիփոթեքով բնակարան ձեռք բերելու նոր կարգը
norakaruyc-shenqer

Հարկային օրենսգրքում արված եկամտային հարկի մասին փոփոխությունները, որոնց համաձայն հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու նոր կարգ է սահմանվում, հասարակության լայն շրջանակների դժգոհությունն էր առաջացրել: Կառավարության նիստում նոր փոփոխության հաստատվելուց հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարություններից հասկացվում էր, որ հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերել ցանկացող վարկառուն և համավարկառուն չպետք է այլ բնակարան ունենան:

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն Aysor.am-ին  ներկայացրել է հիփոթեքով բնակարան ձեռք բերելու նոր կարգը. «Մենք ընդամենը ասում ենք՝ հիփոթեքային վարկավորման այս համակարգից, երբ պետությունը հանդես է գալիս եկամտային հարկի փոխհատուցման գործառույթով, այս համակարգից անձը 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջաններում կարող է օգտվել միայն մեկ անգամ թե՛ որպես համավարկառու, թե՛ որպես վարկառու: Դա նշանակում է, որ եթե անձը ունի բնակարաններ, որից մեկը ժառանգել է պապից, մեկը՝ տատից, մեկն էլ ունի ու բնակվում է հորական բնակարանում, ապա ոչ մեկ չի արգելում, որ ինքը 2018 թվականի հունվարի 1-ից մեկ բնակարան էլ ձեռք բերի այս ծրագրով: Որովհետև միգուցե նա ունի 4 որդի և չորրորդ որդու բնակարանային ապահովման հարցն է լուծում: Սա էլ է սոցիալական խնդիր: Խնդիրն այն չի, թե քանի բնակարան ունի, այլ խնդիրն այն է, թե քանի անգամ է նա օգտվել այս համակարգից»:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ կատարված փոփոխությունը հետադարձ ուժ չունի, հետևաբար մինչև 2018 թվականը վարկառու կամ համավարկառու հանդես եկած անձինք կարող են ազատորեն օգտվել այս համակարգից. «2018 թ.-ի հունվարի 1-ից հետո համակարգից կարող են օգտվել միայն մեկ անգամ, եթե հիմա նրանք համավարկառու են և օգտվում են այս համակարգում, ապա 2018-ի հունվարի 1-ից հետո ևս մեկ անգամ կարող են հանդես գալ, թե համավարկառու, թե վարկառու: Սա բխում է այն տրամաբանությունից, որ մենք որպես իրավական պետություն, իրավունք չունենք սահմանափակող իրավական նորմը հետադարձ կիրառել», — ասել է Դավիթ Անանյանը:

*

*