ՀՀ վարչապետին է ներկայացվել բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը

Վարչապետն առաջարկել է նաև սահմանել «խաղի կանոններ»...
karen-karapetyan

ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ծրագրում ներառվել են Գորիսի քարանձավները, Զորաց քարերը, Թռչկանի ջրվեժը, Սև բերդը, Արփի լիճը, Նորատուսը, Գեղարդը, Աշտարակը, Դվինը, Բյուրականը, Ամբերդը, Զվարթնոցը, Մեծամորը, Սմբատաբերդը, Եղեգիսը, Գլաձորը, Սելիմի քարավանատունը, Պռոշաբերդը, Էրեբունին և Տաշիրը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերոնշյալ 20 ծրագրերի,  ինչպես նաև տարբեր շահագրգիռ գերատեսչություններից ստացվող նմանատիպ ծրագրերի քննարկման համար Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ստեղծել համապատասխան հարթակ, որտեղ ծրագրերը մասնագիտական քննարկումների առաջին փուլ կանցնեն: Այնուհետև  դրանք կներկայացվեն մարզպետներին, որպեսզի վերջիններս ևս քայլեր իրականացնեն ներդրողների ներգրավման ուղղությամբ:

Վարչապետն առաջարկել է նաև սահմանել «խաղի կանոններ», որոնք ուղեցույց կհանդիսանան բնական, մշակութային և ճարտարապատական հուշարձանների վայրերում զբոսաշրջային ծրագրերի իրականացմամբ հետաքրքրված ներդրողների համար:

 

*

*