Հայաստանը ռուսական կողմի հետ կքննարկի սահմանին գազի գինը միայն մեկ տարվա համար ֆիքսելու ավանդույթը վերացնելու հարցը

«Պետք է դարձնենք օրակարգային և բանակցությունների...»
gaz

Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստում հայկական կողմը կբարձրացնի օրակարգային հարց` վերացնելու սահմանին գազի գինը ընդամենը մեկ տարվա համար ֆիքսելու ավանդույթը: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը նշեց, որ երբ սահմանին գազի գնի բարձրացման մասին հայտնի դարձավ, նշվեց, որ Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինի և խնդիրը կկարգավորվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին: Նա նշեց, որ մամուլում հայտնվել է մի հրապարակում, որում նշվել է, որ ընկերությունը չի պատրաստվում կրճատել իր ծախսերը, և ավելին` «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցություններ չեն ընթանում:

«Հայաստանի կառավարության` թե «Գազպրոմ Արմենիա»-ի և թե «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնի շուրջ բանակցությունները կարծում եմ, որ մշտական գործընթաց է և պետք է միշտ ընթանան: Ընդ որում` ավանդական գազի գինը սահմանին ֆիքսվում է յուրաքանչյուր տարի: Դա ևս հարց է, պետք է  դարձնենք օրակարգային և բանակցությունների արդյունքում գանք մի իրավիճակի, որ գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը վերացնենք մեր տնտեսական հարաբերութուններից: Դա անկախ գնի չափից շատ բարդ է ադապտացվելու համար»,-ասաց փոխվարչապետն ու հավելեց` սահմանին գազի գնի հարցը դառնալու է միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարց:

*

*