Հայաստանում մարզային զարգացման պիլոտային 7 ծրագրի համար ԵՄ-ն գումար է հատկացրել

Ծրագրերն իրականացվում են նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում։

Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Հայաստանի մարզերում իրականացվող մարզային զարգացման 7 պիլոտային ծրագրեր։

Այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մեկ տարին՝ նախարար Դավիթ Լոքյանն նշեց, որ 7 պիլոտային ծրագրեր իրականացնելու համար ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 10 մլն եվրո, իսկ ՀՀ կառավարությունը՝ 1,75 մլն եվրո։

«Ծրագրերի իրականացման համար նախատեսվում է ստեղծել մոտ 500 նոր աշխատատեղ և ընդարձակել մոտ 300 ձեռնարկության կարողություն։ Գրեթե 2000 հոգի զբաղվածության ավելի լավ հնարավորություն կունենա, ինչպես նաև շուրջ 700 ընկերություն՝ մեծ մասամբ ՓՄՁ-ներ, կընդլայնեն իրենց գործունեությունը։ Այս ամենից զատ նախատեսվում է ստեղծել նաև կայուն ենթակառուցվածքներ, ինչը կարող է խթանել հետագա սոցիալական և տնտեսական առաջընթացը մարզերում»,- ընդգծեց Դավիթ Լոքյանը։

Ծրագրեր իրականացվում են նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Շիրակի մարզերում։

«Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրում «Շեն» ՀԿ-ն Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 6 գյուղում հիմնում է կենսագազի փոքր կայաններ, կաթի սրահներ հեռագնա արոտներում, ձավարաղաց և կտավատի ձեթի արտադրամաս, ջերմոցներ և չրանոցներ։

«Կապանի համայնքապետարանը հիմնում է արտադրամաս, որը պլաստիկ թափոններից կարտադրի կղմինդր, եզրաքարեր, սալիկներ, դիտահորեր, կափարիչներ և այլն։ Արտադրամասում և աղբի հավաքման կայաններում կստեղծվի ավելի քան 45 աշխատատեղ։ Ֆլորենցիայի համալսարանը և Եղեգնաձորի տուրիզմի տարածաշրջանային կենտրոնը Վայոց Ձորի մարզում հիմնում են 1000 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան, ինչպես նաև նպաստում են տուրիստական ոլորտի ընկերությունների մրցունակության բարձրացմանը։ Ծրագրում ընդգրկված են 8 համայնք»,- ընդգծեց Դավիթ Լոքյանը։

*

*