Հայաստանի ոսկերչական արտադրանքի  95-97 տոկոսն արտահանվում է

Հայաստանը փոքր երկիր է եւ չի կարող այդքան մեծ քանակությամբ արտադրանք «մարսել»:
voski2

Հայաստանի ոսկերչական ոլորտը զարգանում է վերջին 1.5 տարվա ընթացքում, հատկապես վերջին 6 ամսում կրկնակի աճ է գրանցվել: Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքով` աճի տեմպը կպահպանվի մինչեւ տարվա վերջ:

«Հայաստանի Հանրապետության ոսկերչության, ադամանդագործության զարգացման մշտական առանցքը եղել է Ռուսաստանը՝ եւ հումքի մատակարարումների, եւ ամենապատկառելի շուկաների առումով: Մեր արտադրանքը հատկապես ընկալելի եւ հասանելի է այդ տարածքում: Շատ կարեւորում ենք ՌԴ-ի հետ հայկական այս բիզնես տեսակի հետագա զարգացումը: Խնդիր է դրված նաեւ հետագա սերտ կապերը խորացնել ռուսական կառույցների հետ, որոնք ներկայացնում են բիզնես համայնքի շահերը: Հայաստանը փոքր երկիր է եւ չի կարող այդքան մեծ քանակությամբ արտադրանք «մարսել»: 95-97 տոկոսն արտահանվում է: Մեր խնդիրն է արտահանման այս ծավալներին հետեւել, թե որ ուղղություններով են դրանք շարժվում: ԵԱՏՄ-ն Հայաստանի համար բավականին լավ շուկա է եւ այսօր ունենք արտահանման զգալի աճ»,- ասաց Մկրտչյանը` հատկապես մատնանշելով դեպի ՌԴ-ի եւ Ղազախստանի շուկաներ արտահանման աճը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017 թվականին հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 12 մլրդ 135,1 մլն դրամի ոսկերչական արտադրատեսակ, ինչը 2016 թվականին հունվար-մարտի համեմատ ավելացել է 2,7 անգամ: Միայն մարտին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը կազմել է  5 մլրդ 94,9 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 96,1 տոկոսով:

 

*

*