Հայաստանի օրգանական մեղրը՝ ԵԱՏՄ-ում, Չինաստանում, ԱՄԷ- ում և ԵՄ-ում

«Եվրոպական շուկայում օրգանիկ արտադրանքի պահանջարկը շատ բարձր է»
meghr

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվում է 86 արտադրող, կան նաև մի քանի կազմակերպություններ, որոնք անցումային շրջանում են, ինչը սովորաբար տևում է երեք տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Արտադրողների թիվը հնարավոր է եղել կրկնապատկել Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում:

Նախարարի տեղակալը նշեց, որ կենդանական ծագման օրգանական ապրանքներից Հայաստանն այսօր արտահանում է մեղր և խեցգետին: Մեղրի արտահանման աշխարհագրությունը լայն է` ԵԱՏՄ, հիմնականում` Ռուսաստան, Չինաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և ԵՄ երկրներ:

Արմեն Հարությունյանի խոսքով` օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանի համար առաջնահերթություն է, ներկայում մշակվում է կանաչ գյուղատնտեսության ծրագիրը, այն մեկնարկելու է 2019-ին:

«Մեր արտադրողները պետք է իմանան, որ, մասնավորապես եվրոպական շուկայում օրգանիկ արտադրանքի պահանջարկը շատ բարձր է»,-ասաց փոխնախարարը` հավելելով, որ բանակցում ենք շուրջ 5 միլիոն եվրոյի ֆինանսավորման շուրջ` օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով:

*

*