Դեսպան. «Հայաստանը Չինաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է»

Դեսպանն առաջարկել է խորացնել տնտեսական համագործակցությունը
handipum

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային միջավայրը, ներդրողների համար նպաստավոր պայմանները՝ Եվրասիական տնտեսական միության շուկան, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող GSP+ համակարգը, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի կողմից տրամադրվող GSP համակարգը, ինչպես նաև այն բոլոր գործոնները, որոնք Հայաստանը գրավիչ ներդրումային միջավայր են դարձնում։ Սուրեն Կարայանը դեսպանին տեղեկացրել է մշակված ներդրումային ծրագրերի մասին, որոնք կարող են հետաքրքրել չինացի ներդրողներին:

Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է։ Դեսպանն առաջարկել է խորացնել տնտեսական համագործակցությունը հատկապես ներդրումային ոլորտում, որտեղ կա ներուժ և անելիք։ Դեսպանը հավելել է, որ ներդրումային ծրագրերը կփոխանցվեն պոտենցիալ ներդրողներին։ Դեսպան Թիան Էրլունը նաև նախարար Սուրեն Կարայանին փոխանցել է մայիսին Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության ֆորումին մասնակցության հրավերը։

Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Իրանի սահմանակից գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտում չինացի գործարարների և ներդրողների մասնակցության, ինչպես պղնձաձուլարանի հիմնման հեռանկարների վերաբերյալ։

*

*