Հայաստանի հիմնական վարկատուները՝ 2017թ-ին. ԿԲ

Հատկացված վարկերի մեջ ամենամեծ մասնաբաժինը 2017-ի վերջին դրությամբ ունեցել է Գերմանիան
vark

ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի արտաքին վարկերը 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 4 միլիարդ 630 միլիոն դոլար: ՀՀ կառավարությանը տրված վարկերը 4 միլիարդ 28.4 միլիոն դոլար են, Կենտրոնական բանկինը` 601.5 միլիոն դոլար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տվյալները վերցված են ԿԲ «ՀՀ վճարային հաշվեկշիռը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին» փաստաթղթից: ՀՀ արտաքին պետական վարկերի 78.6 տոկոսը բաժին է հասնում բազմակողմանի, 21.4 տոկոսը` երկկողմանի վարկերին: 2017 թվականի վերջի դրությամբ` Հայաստանի արտաքին  պետական վարկերի 40.5 տոկոսը տրվել է Համաշխարհային բանկի և գյուղատնտեսության զարգացման գործակալության կողմից, 14.2 տոկոսը՝ Ասիական զարգացման բանկի, 8.7 տոկոսը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 6.6 տոկոսը` Եվրասիական զարգացման բանկի, 5.1 տոկոսը՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից: Եվրամիության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) տված վարկերը միասին կազմում են 3.4 տոկոս:

Առանձին երկրների կողմից Հայաստանին հատկացված վարկերի մեջ ամենամեծ մասնաբաժինը 2017-ի վերջին դրությամբ ունեցել է Գերմանիան (6.4 տոկոս), Ռուսաստանի տված վարկերը ամբողջի 5.5 տոկոսն են կազմում, Ճապոնիայինը` 5.2, Ֆրանսիայինը՝ 2.6:

2017 թվականի հունվար-դեկտեմբերին արտաքին պետական վարկերի գծով ներհոսքը կազմել է 693.7 միլիոն դոլար, որից շուրջ 55 տոկոսը կամ 381 միլիոն դոլարը ներգրավվել է բազմակողմանի պաշտոնական աղբյուրներից: Երկկողմանի պայմանագրերով ստացված միջոցները կազմել են 312.7 միլիոն դոլար, որից 86.5 միլիոն դոլարը ստացվել է Գերմանիայից:

*

*