Մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։
hayastan-bulgharia-hamajoxov

Մարտի 12-ին՝ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում, Երևանում  մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը, որի նպատակն է քննարկել երկու երկրների գործարար, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործակցության հնարավորությունները և հեռանկարները։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելյազկովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարարներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

*

*