Քննարկվել են ՀՀ-ում «հալալ» կանոններով մորթի կազմակերպմանն առնչվող հարցեր

Իգնատի Առաքելյանը ընդունել է այաթոլլահ Հասան Ալամիի գլխավորած պատվիրակությանը:
handipum (3)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության  առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի  գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում մահմեդական «հալալ» կանոններով  կատարվող մորթի կազմակերպմանն առնչվող հարցերի:

Հանդիպմանը մասնակցում էին  նաև  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք:

Այաթոլլահ Հասան Ալամին  նշել է, որ Իրանում մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում արտադրված  ոչխարի միսը, և իրենք հետաքրքրված են, որպեսզի քննարկվեն ոչխարի մսի արտահանման ծավալներն ավելացնելու և «հալալ» մորթ կազմակերպելու հնարավոր տարբերակներ:

Հասան Ալամին իր հերթին նշել է, որ իրենց կողմից տրամադրվող «հալալ» մսի հավաստագիրն անցողիկ է իսլամական  երկրներում, ինչը հնարավորություն է տալիս նաև  ընդլայնել արտահանման աշխարհագրությունը:

Նախարարը կարևորել է Հայաստանում   «Հալալի» գրասենյակ  բացելու աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը՝ հաշվի առնելով նաև ԻԻՀ–ում ստորագրված անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիրը:

Քննարկվել են նաև «հալալ» մորթի մշակույթի ներդրմանը, հստակ չափանիշների սահմանմանը, այլ սպանդանոցների բացման անհրաժեշտությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

*

*