Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

Նախատեսվում է ՀՀ-ում արտադրել գյուղտեխնիկա, որն իր գնով հասանելի կլինի գյուղարտադրողներին
nikol-pashinyan-armen-harutyunyan

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին:

Քննարկվել են լիտվական ընկերության կողմից Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և գործադիրի քայլերն ուղղված են ներդրողների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Արմեն Հարությունյանը նշել է, որ նախատեսում են Հայաստանում արտադրել ժամանակակից գյուղտեխնիկա, որն իր գնով հասանելի կլինի գյուղարտադրողներին, ինչպես նաև կարտահանվի եվրոպական շուկա: Նշվել է, որ «Հայրէլեկտրոմաշ» գործարանի հիմքի վրա հիմնվելու է նոր գործարան. սկզբնական փուլում նախատեսվում է իրականացնել 5-7 մլն դոլարի ներդրում, այնուհետև երկրորդ փուլում կներդրվի ևս 10-15 մլն դոլար՝ նոր գործարանի հիմնման համար: Գործարարը տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրում ներգրավված թիմն արդեն դեկտեմբերի 1-ից սկսելու է այն կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքները: Գործարանն առաջին փուլում պլանավորում է արտադրել տարեկան 3 հազար տրակտոր, իսկ երկրորդ գործարանը թույլ կտա ավելացնել արտադրությունը ևս 5 հազարով:

 

*

*