Գյումրիի ավտոմաքսատան բացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին. ՊԵԿ

Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա
pek,-davit-ananyan

Հայաստանի հյուսիս-արևմուտքում` Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն  կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի: Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է շինհրապարակում, դիտարկել աշխատանքային գործընթացը և արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը: ՊԵԿ նախագահի խոսքով` աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել. «Նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով:

Այժմ շուրջ 160 հոգի է այստեղ աշխատում, սակայն հետագայում՝ 24-ժամյա գրաֆիկի անցնելիս` աշխատողների թիվը կարող է 350-ի հասնել: «Հոկտեմբերի 11-ին նախատեսված է կառույցի բացումը, դա մեզ համար կարևոր մարտահրավեր է: Մենք ինքներս մեզ համար մարտահրավեր ենք սահմանում և այդպիսի նշաձող»,-ընդգծել է Դավիթ Անանյանը:

Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու  է ծառայություններ: Իսկ դա նշանակում է, որ կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:

*

*