Նախարարությունը փոխելու է գյուղացիներին սուբսիդիայի տրամադրման կարգը

Գյուղացին անձամբ կորոշի ումից գնել պարարտանյութ կամ դիզելային վառելիք

Սուբսիդավորման կարգի փոփոխությամբ գումարը կտրամադրվի գյուղացուն, և ինքն անձամբ կորոշի ումից գնել պարարտանյութ կամ դիզելային վառելիք: Այս մասին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասաց պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ:

«Մինչ այժմ սուբսիդավորումը երկու ուղղությամբ է ընթացել: Գյուղացիներին սուբսիդավորման գնով տալիս էին պարարտանյութ, սերմացու, ինչպես նաև դիզելային վառելիք: Հիմա մենք այլ մոտեցման ենք ուզում գնալ: Գումարը տրամադրվելու է վերջնական սպառողին, և վերջինս ինքն է որոշելու՝ ումից ինչ պարարտանյութ կամ դիզելային վառելիք գնել»,-ասաց նախարարը:

Արթուր Խաչատրյանը նշեց նաև, որ եթե գյուղացիները միանան` հողերը խոշորացնեն, լինի դա կոոպերատիվ գյուղացիական ասոցացիա կամ ցանկացած այլ բան, իրենք կարող են այդ տնտեսություններին ապահովել ոռոգման կաթիլային ցանցով:

Նրա խոսքով` ոռոգման կաթիլային նոր համակարգերի ներդրման արդյունքում ջրի անտեղի կորուստներ չեն լինի և բերքատվությունը կբարձրանա:

«Երբ հողերը խոշորացվեն և ներդրվի կաթիլային ոռոգման համակարգը, եղած հողակտորի արդյունավետությունը, հետևաբար նաև հողակտորի տիրոջ կամ վարձակալի եկամտաբերությունն էապես կբարձրանա»,- նշեց նա:

*

*