Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել առավելագույնս կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն...
pashinyan-khorhrdakcutyun

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ կառավարությունը նպատակային ծրագրեր է իրականացնելու կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, ինչպես նաև գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատասխանատուների խնդիրն է կառավարության, գյուղացու, մթերողի համար մաքսիմալ կանխատեսելի դարձնել գյուղատնտեսական տարին, որպեսզի յուրաքանչյուրն իր անելիքներն իմանա:

«Տարվա կանխատեսվող բոլոր խնդիրները պետք է համակարգված միջգերատեսչական մակարդակով լուծվեն՝ սկսած ոռոգումից, հակակարկտային իրավիճակից, վերջացրած ապահովագրությամբ, մթերումների հնարավոր ծավալներից, որպեսզի կանխատեսելի դաշտով գնանք առաջ: Մենք միշտ տարվա վերջում ենք իմանում, թե ինչ է եղել և ինչու, սակայն այդ ամենը պետք է լինի տարվա սկզբից: Ջրի պահանջարկի վերաբերյալ գնահատականը երբ տարվա կամ ամսվա մեջ երեք անգամ փոխվում է՝ խնդիր է, չի կարող այդպես լինել: Պետք է տարվա սկզբից «ճանապարհային քարտեզ» ունենանք, կոնկրետ քայլերով գնանք և կանխատեսելիության ինչ-որ ցուցանիշ ապահովենք: Պարզ է, որ կանխատեսումները 100 տոկոսանոց չեն, կարող են տարբեր դեպքեր լինել, բայց դրանք պետք է ուղենիշ լինեն մեր անելիքների և գործունեության համար»,- ընդգծել է վարչապետը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա կազմված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՋՕԸ-երի հետ գյուղացիական տնտեսությունների պայմանագրերի թիվը միայն Արարատյան դաշտում ավելացել է 4500-ով, ևս 600-ով՝ հանրապետության այլ հատվածներում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ իրականացվելու են կոնկրետ գործողություններ, որպեսզի ընթացիկ տարում ջրի օգտագործման վերահսկողությունը լինի առավել արդյունավետ, ստվերում գտնվող գյուղացիական տնտեսությունները պայմանագրեր ստորագրեն ՋՕԸ-երի հետ և գան օրինական դաշտ:

*

*