Վարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանմանն առնչվող հարցեր

Տեղի է ունեցել խորհրդակցություն։
karavarutyun (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Մասնավորապես, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադառնալով կաթի մթերման շուրջ առաջացած խնդիրներին՝ ներկայացրել է այն հնարավոր պատճառները, որոնք ազդեցություն ունեն կաթի գնագոյացման վրա: Այդ համատեքստում, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է հետևողական քայլեր իրականացնել՝ կաթնամթերքից արտադրվող բոլոր արտադրատեսակների ստանդարտները պահպանելու և քաղաքացիների իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի ոլորտում առկա խնդիրները և կներկայացնի դրանց լուծման առաջարկությունները՝ հաշվի առնելով նաև գյուղացիական տնտեսությունների շահերի պաշտպանության կարևորությունը:

Զեկուցվել է, որ ներկա դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացը կազմակերպվում է պատշաճ մակարդակով: Պատասխանատուները նշել են, որ ընդլայնվել են նաև արտահանման շուկաները:

«Ռուսաստան այցի ընթացքում արտահանման թեման քննարկվել է և այնտեղ նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան: Ռուսաստանի մեր գործընկերները շուկան հագեցնելու հետ կապված խնդիր ունեն և հույս ունեն, որ մենք իրենց այդ հարցում աջակցություն կցուցաբերենք»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ կարևորելով արտահանվող ապրանքների սանիտարական կանոններին համապատասխանության ապահովումը:

artur-khachatryan

*

*