Ըստ հետազոտության՝ պարարտանյութերի գները արհեստականորեն ուռճացվում են

Գյուղացիները պարարտանյութն ու դիզելային վառելիքը ձեռք են բերում բարձր գնով:
Գյուղացիները պարարտանյութն ու դիզելային վառելիքը ձեռք են բերում բարձր գնով: «Պետական աջակցություն՝ գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրին մասնակցությունը ցածր է հիմնականում այս պատճառով: Գյուղացիական տնտեսությունների անվճարունակության պատճառով պարարտանյութերը ձեռք են բերում վերավաճառողից կամ պարտքեր են ձեւավորում: Արդյունքում՝ պարարտանյութի միավորի արժեքն ավելի է բարձրանում: Նմանատիպ եզրահանգման են եկել գյուղատնտեսության բյուջեի միջոցներով ֆինանսավորվող «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին՝ մատչելի գներով պարարտանյութերի եւ դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի գնահատողները՝  Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնն ու Օքսֆամ միջազգային կազմակերպությունը:
«Իրականում արհեստականորեն գներն ուռճացվում են, այնուհետեւ ներմուծվելուց հետո եւ սուբսիդավորելուց հետո նույնիսկ բարձր գներով են պարարտանյութերը ձեռք բերում գյուղացիները, քան այդ պարարտանյութը վաճառում են Վրաստանում: Այսինքն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում մեր շուկան ի վիճակի էր այդ պարարտանյութը գյուղացուն առաջարկել ավելի էժան գներով, եթե մոնոպոլ իրավիճակը չչարաշահվեր»,-նշեց Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը:
 
Որպես խնդրի լուծում՝ կենտրոնն առաջարկում է թանկ պարարտանյութերը փոխարինել էժանով, մատակարար կազմակերպությանն ընտրել մրցույթի միջոցով՝ որոնք պարատանյութը կներմուծեն մրցակցող տարբեր շուկաներից: Արդյունքում՝ գներն էլ կնվազեն: Գնահատման է ենթարկվել նաեւ «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագիրը: Հետազոտությանը մասնակցած ֆերմերային տնտեսությունների մեծ մասը գյուղատնտեսության աջակցության մարզային կենրոնների գործունեության մասին տեղյակ չէ, մի մասն էլ չի կարեւորում վերջինների տրամադրած խորհրդատվությունը:
 
«Ցանկալի կլինի, որ ինքն ավելի կոմպլեքս ծառայություն մատուցի, այսինքն՝ չլինի մեկ ժամվա խորհրդատվություն, այլ փաթեթ ներկայացվի եւ լինի ըստ կարիքի, ըստ իրենց պահանջարկի: Այսինքն՝ ըստ կարիքի նրանց, ովքեր ի վիճակի չեն վճարելու, բայց ըստ պահանջարկի՝ դա լինի վճարովի ծառայություններ»,-մանրամասնեց Օքսֆամ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
 
Ըստ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի՝ Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները բավական աշխատանք տանում են եւ հնարավորության սահմաններում հողօգտագործողների համար խորհրդատվությունը տալիս են ինչքան հնարավոր է մատչելի եւ արդյունավետ: Մեկ այլ բան է, թե այդ խորհրդատվությունից ինչքանով են պատրաստ օգտվելու մեր հողօգտագործողները:
 
Թեեւ գյուղատնտեսության նախարարի տեղակալը ծրագրի գնահատման արդյունքների հետ այդքան էլ համամիտ չէ, սակայն վստահեցնում է՝ ծրագրեր են մշակվում Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների արդյունավետությունը բարձրացնելու համար: Իր խոսքով՝ 2016 թվականին պարարտանյութի եւ դիզելային վառելիքի մատակարարման բաց մրցույթ հայտարարվել է, հաղթել է ամենացածր գին առաջարկողը: Բայց խոստանում է՝ 2017 թվականին փորձելու են շտկել նաեւ այս ոլորտի թերությունները:

*

*