Գեղարքունիքում տավարի միսը կրկին թանկացել է

Արձանագրվել է տավարի մսի հերթական թանկացումը:
mis

Գեղարքունիքի մարզում 2018 թվականի առաջին տասնօրյակից հետո արձանագրվել է տավարի մսի հերթական թանկացումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ մարզի քաղաքային շուկաների պատասխանատուներից եւ մսավաճառներից, արդեն մի քանի օր է, ինչ տավարի միսը շուկաներում վաճառվում է կիլոգրամը 3 հազար դրամով՝ Ամանորից առաջ պահպանված 2700 դրամի դիմաց: Նույն աղբյուրների համաձայն՝ խոզի միսը վաճառվում է 3300 դրամով, ինչ գնով որ վաճառվում էր Նոր տարվա տոներից առաջ: Փաստորեն, վերջին մեկուկես ամսվա ընթացքում տավարի միսը թանկացել է 700 դրամով:

«Իհարկե, տավարի, նաեւ ոչխարի ու խոզի մսի թանկացումներն ուղղակիորեն խփում են մարդկանց գրպանին, սակայն մյուս կողմից էլ դրանք պետք է շահագրգռեն անասնապահությամբ զբաղվող տնտեսություններին՝ զարգացնելու անասնապահությունը, ավելացնելու անասնագլխաքանակը եւ անասնամթերքի արտադրությունը: Կարծում եմ, որ ներկա թանկ գների պայմաններում անգամ մսի գինը մեզանում դեռեւս չի հասել իր իրական ինքնարժեքին եւ ամենացածրն է մնում մեր հարեւան երկրներում առկա գների համեմատ: Թանկացմանը ոչ այնքան նպաստում են որոշակի ծավալի արտահանումները կամ անասնակերի բարձր գինը, որքան այն, որ գնալով շատ տնտեսություններ դադարում են անասնապահությամբ զբաղվելուց՝ այն համարելով ոչ եկամտաբեր զբաղմունք: Իսկ անասնագլխաքանակի կրճատումն ինքնին բերելու է անասնամթերքի պակասի, հետեւաբար նաեւ՝ թանկացման»-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը:

*

*