Հայաստանում ԳՁՕ-ների ներմուծումն արգելող օրենսդրական ակտ չկա

Ներմուծումը սկսել է աճել 1990-ականներին` հատկապես մարդասիրական օգնության խողովակներով
gdzo-gmo-pomidor

Հայաստանում այս պահին չկա որևէ օրենսդրական ակտ, որը կարգելի գենետիկորեն ձևափոխված սերմերի և բույսերի  ներմուծումը երկիր: Ազգային ժողովում «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ. Այլընտրանք, թե պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ  Աշոտ Հարությունյանը: «Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը բազմաթիվ գրություններ է ստացել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) ներմուծումը և ամերիկյան «Մոնսանտո» ընկերության գործունեությունը երկրում արգելելու մասին` պատճառաբանությամբ, որ այդ ընկերությունը գենետիկորեն ձևափոխված սերմեր է ներմուծում երկիր: Պետք է նշեմ, որ մեր երկրում սերմերի ներմուծման շուկան ազատականացված է, և պետությունը չի միջամտում որևէ ընկերության գործունեության: Հայաստանում չկա որևէ օրենսդրական ակտ, որը կարգելի գենետիկորեն ձևափոխված սերմերի ներմուծումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ ԳՁՕ-ների Հայաստան ներմուծումը սկսել է աճել 1990-ականներին` հատկապես մարդասիրական օգնության խողովակներով: «ԳՁՕ առաջին մթերքներից են եղել որոշ սերմացուներ, այնուհետև Հայաստան ներկրված ԳՁՕ մթերքներին միացան տոմատները, արագ աճող ծառերի տնկիները, պահածոյացված եգիպտացորենը և այլն: Այսինքն՝ հայկական շուկան ԳՁՕ-ների ներխուժման դեմ անպաշտպան գտնվեց: Հայաստանի Հանրապետությունում 2006 թ. ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենք, որը, անմիջականորեն առնչվելով այս ոլորտին, սահմանում է ՀՀ-ում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությանը,  մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող անհրաժեշտ  պահանջներ: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանում իրացվող սննդամթերքի հետ շփվող նյութերի մասին հայերենով մակնշումը պետք է ներառի «Գենետիկորեն ձևափոխված մթերք» մակնշումը, եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0.9  տոկոսից բարձր է»,- ընդգծեց փոխնախարարը:

Աշոտ Հարությունյանը նշեց, որ այսօր մշակված է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և բույսերի ավելի քան 100 տեսակ` սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, ճակնդեղ և այլն: «Այս մշակաբույսերն աճեցվում են ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Ավստրալիայում, Չինաստանում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և այլն: «Ոլորտում ունենք օրենքի բաց: «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել էր նախորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը, սակայն հետագայում բնապահպանության նախարարության կողմից այն ետ կանչվեց` փոփոխություններ իրականացնելու համար»,- ասաց Հարությունյանը:

Նա ներկայացրեց նաև Հայաստանում ԳՁՕ-ների գործածությունը կարգավորելու ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության իրականացրած աշխատանքները: Փոխնախարարը հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությամբ 2017 թ. նոյեմբերին հրավիրված խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով,  որում ներառված կլինեն գյուղատնտեսության, բնապահպանության և առողջապահության նախարարությունների մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ԳՁՕ-ների կիրառման անվտանգության հետ կապված հարցերը:

*

*