Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

«Տոն տեխնոլոգիական հայության համար»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: Ցուցահանդեսի այցելուների համար տեղեկատվություն կա նաև թափուր աշխատատեղերի մասին: «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակներում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ:

Տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:

*

*